Ադրբեջանը սակավաթիվ պետություններից է, որ աջակցեց Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը Սիրիայի հյուսիսում: Ճիշտ է` դա արվեց միայն ԱԳՆ-ի մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևի մակարդակով, որ օգտագործեց անորոշ ձևակերպումներ. «Բաքուն լիովին հասկանում է Անկարայի հիմնավոր անհանգստությունը ահաբեկչական սպառնալիքների առնչությամբ: Ադրբեջանն իբրև ահաբեկչությունից տուժած երկիր` վճռականորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով ու դրսևորումներով և աջակցում է միջազգային հանրության ջանքերն այդ պայքարում: Ինչպես հայտարարել է Թուրքիայի կառավարությունը` «Ձիթենու ճյուղ» գործողության նպատակը սահմանների անվտանգության ապահովումն է, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների վերացումը և տարածաշրջանում ապրող քաղաքացիական բնակչության պաշտպանությունը ահաբեկչական հարձակումներից ու սպառնալիքներից: Մենք եղբայրական Թուրքիային ու թուրք ժողովրդին մաղթում ենք, որ այլևս երբեք չենթարկվեն դավաճանական ահաբեկչական հարձակումների»: Հաջիևի հայտարարությունը սկզբունքային տարբերություններ չունի հայտարարություններից, որ արել են մի քանի այլ երկրներ, այդ թվում` Թուրքիայի դաշնակիցները ՆԱՏՕ-ում, ներառյալ ԱՄՆ-ը: Վաշինգտոնում կարծում են, որ Անկարան իրավունք ունի իրեն պաշտպանել «ահաբեկչական հարձակումներից»: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, հակառակ որոշ փորձագետների պնդումների, չի օգտագործել «քրդերի դեմ» բառերը: Թեպետ ոչ մի նշան չկա, որ Բաքուն, վաղուց ինտեգրված Մերձավոր Արևելքի քաղաքականության մեջ, ունի հստակ պատկերացում Սիրիայի հյուսիսում ստեղծված վիճակի ու դրդապատճառների մասին, որ Անկարային հանգեցրել են «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսելու որոշմանը: Ակնհայտ է, որ հազիվ թե Թուրքիան Սիրիայի կողմից հարձակման որևէ վտանգ էր զգում և այդ պատճառով նրա գործողությունները սկզբունքորեն այլ պատճառ ունեն: Բաքվի «Կասպից» թերթը գրում է, որ Անկարայի համար «կարմիր գիծը» հատեց ԱՄՆ-ի որոշումը` ստեղծել սիրիաթուրքական սահմանին 30- կիլոմետրանոց գոտի, որ պետք է գտնվի ամերիկացիների ակտիվ աջակցությունն ունեցող սիրիացի քրդերի վերահսկողության տակ` «Դեմոկրատական միությունից» (PYD) ու «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներից» (YPG): Նրանց Թուրքիան զուգորդում է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, որին համարում է ահաբեկչական կազմակերպություն: Անկարան վախենում է, որ Սիրիայում կարող է ստեղծվել քրդական ինքնավարություն` սեփական պետություն ունենալու նպատակով: Հետևաբար` ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Թուրքիան լուծում է իր համար սուր աշխարհաքաղաքական հարց: Ճիշտ է` Թուրքիայի նախագահ Էրդողանը նաև հայտարարում է, որ «հարգանքով է վերաբերվում Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու քաղաքական միասնականությանը»: Եվ` «հենց «Ձիթենու ճյուղ» գործողությունը իր նպատակին հասնի, Թուրքիան կհեռանա»:
Բոլոր նշանները կան, որ Անկարայի գործողությունները Աֆրինում համաձայնեցված էին Մոսկվայի, Թեհրանի ու Վաշինգտոնի հետ: Սակայն Դամասկոսը թուրքական բանակի մարտական գործողությունները տարածաշրջանում ընկալում է ագրեսիա Սիրիայի ինքնիշխանության դեմ: Եվ Թուրքիայի այդօրինակ գործողությունները, ինչպես համարում են շատ փորձագետներ, «հակասում են սկզբունքներին, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է պաշտպանել միջազգային տարբեր հարթակներում», եթե նկատի ունենանք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Այնուհանդերձ, Բաքվի ԶԼՄ-ներում հայտնվեցին հրապարակումներ, որոնց հեղինակները պնդում են, որ «որոշակի իմաստով բարդ խնդիրը լուծելու թուրքական փորձը պետք կգա և Բաքվին իր հակաահաբեկչական պատերազմում» և «գալիս է երկար սպասված պահը` հակաահաբեկչական գործողություն սկսելու ժամանակավոր գրավված ադրբեջանական տարածքներում», որ «Թուրքիայի գործողությունը Սիրիայի հյուսիսում հիանալի նախադեպ է Ադրբեջանի համար»` հաշվի առնելով «Թուրքիայի ցուցաբերած ռազմաքաղաքական մանևրայնությունը, մտածելով ոչ միայն սեփական անվտանգության, այլև տուրբուլենտ տարածաշրջանի ապագայի մասին»: Կամ նույնիսկ այսպես` «Ադրբեջանի ղարաբաղյան գոտին, որտեղ անօրինական գտնվում են ահաբեկչական խմբավորումների հետ սերտաճած Հայաստանի զինված ուժերը, նույնպես պետք է վնասազերծվեն ու պաշտպանվեն»: Ադրբեջանցի գեներալ Յաշար Այդամիրովը հայտարարում է, որ «կռիվները Ղարաբաղում ամեն պահ կարող են սկսվել` պատերազմը կլինի արագընթաց, ճշգրիտ ու հզոր հարվածներով» և «Ադրբեջանը պետք է հաշվի առնի Թուրքիայի փորձը Ղարաբաղում գործողության ժամանակ»:
Խոսվում է «Ռուսաստանի վնասազերծման մասին»` «պետք է ստեղծել իրավիճակ` ինչպես արեց Անկարան, ստանալով Մոսկվայի լուռ համաձայնությունը հյուսիսային Սիրիայում գործողության համար»: Կա նաև այլ տարբերակ,որ Vesti.Az-ի Բաքվի պորտալին ներկայացրել է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Տոֆիկ Զիլֆուղարովը: Նրա խոսքով` «Հայաստանի ղեկավարությունը փորձում է սադրել Ադրբեջանին տարատեսակ քայլերով օկուպացված տարածքներում` օբյեկտների շինարարությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցի պարբերական քննարկումով»` սա առաջին: Երկրորդ` «Հայաստանի ղեկավարությունը ցանկացած պատրվակով փորձում է ներքաշել Ռուսաստանին հնարավոր ռազմական գործողությունների մեջ»: Երրորդ` «Բանակցային գործընթացի իմիտացիոն փուլի ավարտից հետո, որ կապված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայամետ դիրքորոշման հետ, անկասկած, ռուսական քաղաքական էլիտայում կհայտնվի լուրջ հետաքրքրվածություն` լուծելու Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին կապված հարցերի ինչ-որ մասը»:
Իհարկե, «Ձիթենու ճյուղ» գործողությունը կուսումնասիրվի շատ բանակների շտաբներում: Այդ թվում` Ադրբեջանի: Մարտերի գոտուց տարատեսակ տեղեկություններ են տարածվում, բայց արդեն պարզ է` Անկարայի համար ռազմական ներխուժումը թեթևակի զբոսանք չդարձավ: Ակնհայտ է, որ Վաշինգտոնը մտադիր չէ հեռանալ Սիրիայից: ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել սիրիացի քրդերին ու տարատեսակ ահաբեկչական խմբավորումների կոնգլոմերատին: Ամերիկացիների սպառնալիքները Անկարայի հասցեին վկայում են, որ նրանք շահագրգռված են, որ թուրքերն ավելի խոր խրվեն «սիրիական ճահճում»: Պատերազմն այնտեղ երկարաժամկետ է դառնալու: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսելու դեպքում` Թուրքիան Ադրբեջանին աջակցելու սահմանափակ հնարավորություններ է ունենալու: Եթե Բաքուն նման քայլ ձեռնարկի, դա կնշանակի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ինտեգրում մերձավորարևելյան բազմաթիվ կոնֆլիկտների ցանց` կարգավորման արդեն սկզբունքորեն նոր աշխարհաքաղաքական պայմաններով, որոնց մեջ գլխավորը կլինի պատերազմներում թուրքական երկու պետությունների` Թուրքիայի ու Ադրբեջանի միաժամանակյա մասնակցությունը` Իրանի հնարավոր ներգրավումով: Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասում է, որ իր երկիրը հետագայում էլ մտադիր է մնալ Սիրիայում` ոչ միայն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու, այլև Իրանին «զսպելու» ու «Ասադի ռեժիմին» հեռացնելու: ԱՄՆ աշխարհագրական ներկայության ընդլայնումը անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջանում Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի քաղաքականության որոշակի վերանայման: Կարող է հայտնվել նոր ֆենոմեն` «բոլորի պատերազմը բոլորի դեմ», որ ամենաանսպասելի բարդությունները կհարուցի` ներքաշելով Անդրկովկասն ու Ադրբեջանը: Իսկ հետո` պրոբլեմներ են: Այդ հեռանկարները չտեսնել ու չհասկանալ կարող են կամ կույրերը, կամ խուլերը: Առայժմ տեսականորեն կարելի է ենթադրել Անկարայի ու Դամասկոսի, Անկարայի ու Թեհրանի բախումը: Եվ` Մոսկվայի դուրս գալը Անկարայի ու Թեհրանի հետ կոալիցիայից` «նրանց չափազանցված աշխարհաքաղաքական պահանջների պատճառով»: Հետո կծագի տարածքների հարցը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի: Բաքուն հիմա պետք է Երևանի ու Ստեփանակերտի հետ փոխզիջումների ճանապարհ որոնի, ոչ թե պատերազմ, որը իր համար կարող է բոլորովին այլ աշխարհաքաղաքական տրամաբանական ավարտ ունենալ, քան ինքը ցանկանում է:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Բոլորի պատերազմը բոլորի դեմ` արդեն 7-րդ տարին մղվում է Սիրիայի տարածքում: Պարզապես` երբ ԻՊ-ը մեջտեղից դուրս եկավ, առավել ակնհայտ դարձավ` ով ինչի համար ու ում դեմ է կռվում: Բաքվում Թուրքիայի օրինակին հետևելուց առաջ նախ պետք է սպասեն, թե ինչո՞վ ու ի՞նչ գնով է ավարտվում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:
Բլիցկրիգը, որ այդքան համոզիչ ու հեշտ է թվում Բաքվին ու Անկարային, չստացվեց ոչ 2016-ին Արցախում, ոչ 2018-ին Աֆրինում: Քաղաքական գործիչները կարող են ռազմաշունչ հռետորաբանությանը տրվել, բայց զինվորականները դրանից հետո հաշվում են մարտական կորուստները, որ ոչ միշտ են քաղաքական խնդիրը լուծում: Ռուսաստանը, որ իբր այդքան չի ուզում ներքաշվել «հնարավոր ռազմական գործողությունների մեջ», պետք է սկսի Բաքվին զինելը դադարեցնելուց: Զենքի նորանոր խմբաքանակների մատակարարումներն ու պայմանագրերը պատերազմ սկսելու խթան են մի երկրում, որ բանակցային ճանապարհով հարցի լուծում չի տեսնում: Պետք չէ Հայաստանին ու Ադրբեջանին լրացուցիչ «կռվացնել»` Թուրքիայի Սիրիա ներխուժման նախադեպով, պատերազմը առանց այդ էլ ավարտված չէ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ